Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Պարը քարացավ...

Պարը քարացավ...
07.02.2024 | 14:23

Մի պահ պարը քարացավ:

Օդում քարացան նաև Յարխուշտայի զարկերը:

Այդ պահին Հայոց պարի մերօյա Քրմապետ Գագիկ Գինոսյանի հոգին արդեն սավառնում էր Հայկական լեռնաշխարհի վրայով և գարնան արևոտ շարմաղ անձրևի պես մեր դյուցազնական պարերն էր շաղում կարոտյալներին:

Փշրվեց Գագիկ Գինոսյանի կյանքի մեծ ժայռը, բայց նրա ոգեղեն բեկորները դեռ երկար մեզ հայ կպահեն: Նա Հայոց պարի թագադիր ասպետն էր, Քրմապետը, հրամանատարը, ում այրուձի զինվորները Հայոց պարերն էին:

Հեթանոս հայերը Տերնդեզի ծես ունեին, որտեղից մարդիկ վառվող թոնրից կերոններով կրակ էին տանում իրենց թոնիրներին ու օջախներին, որ սրբազան հացը միշտ արդար մնա, օջախները՝ շեն, բանակը՝ հզոր: Գագիկ Գինոսյանն այդ հեթանոս թոնրի սրբազան կրակն է, որ ոգի ու շունչ էր տալիս, արթնացնում ու շարունակում գենետիկ հիշողությունը, որ հարատևի սերունդների սրբազան կապը:

Իմ սիրելի Էրգրացի եղբայր Գագիկ, միտքս Յարխուշտայի զարկերի պես քարացել է օդում, բառերը թաքնվում էին ինձանից, աչքերիս թաքուն խոնավությունը ներսում մնաց: Առաջին ու վերջին անգամ դու մեզ մոլորեցրիր, մեր պարի Սասնա Ծուռ:

Պարի ժամանակ ձեռքիդ դանակը քո Թուր Կեծակին էր, որոնում էիր Քուռկիկ Ջալալուն, Շաղգամի արտի պառավը զենքերի տեղը դեռ չէր ասել:

Շարունակի՛ր ճախրանքդ, սավառնի՛ր, Գագիկ Գինոսյան, զի դա է քո արվեստը:

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 32792

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ